չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավելի լավ է` Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին

Ավելի լավ է` Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին

Հունիսի 6-ին Խորվաթիայում ընկերական հանդիպում է լինելու Բելգիայի հետ, իսկ 13 –ին կայանալու է Անգլիայի հետ Եվրո-2020-ի առաջին խաղը: Այդ թիմերի ֆոնին խորվաթական մամուլը չի թաքցնում իր վերաբերմունք Հայաստանի հավաքականի հանդեպ, գրում է armeniasputnik.am-ը:

Խորվաթական ԶԼՄ-ների մարզական մեկնաբաններն ընկերական հանդիպումից առաջ ներկայացրել են Հայաստանի հավաքականի գնահատականը: Tportal.hr. պարբերականը նշում է, որ շատերը հարց են տալիս՝ արդյո՞ք Խորվաթիան իր մակարդակի հակառակորդի է ընտրել։

Մեկնաբաններին կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, քանի որ հաջորդ ընկերական խաղը՝ հունիսի 6-ին, Խորվաթիան կանցկացնի Բելգիայի հետ, իսկ 13-ին կկայանա Անգլիայի հետ Եվրո–2020-ի առաջին հանդիպումը։ Սակայն նույնիսկ նման դեպքերում ընդունված է հավատարիմ մնալ սպորտային էթիկետին։

«Բավական է նշել, որ այժմ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 99-րդ տեղում է։ Բացի այդ, բացակայում է ամենապայծառ աստղը՝ Հենրիխ Մխիթարյանը։ Իսկ դա նշանակում է, որ շատ աստղեր, որոնք կգան խաղի, ավելի շատ արժեն, քան Հայաստանի ամբողջ հավաքականը», - գրում է պարբերականը։

Պարբերականը նշում է, որ հայտացուցակում չընդգրկվելը չի կարողանում հասկանալ նաև ինքը՝ Մխիթարյանը և հիշեցնում է, որ Մխիթարյանն իր twitter-ում գրել է, որ զարմացած է այդ փաստից:

«Ավելի լավ է Մխիթարյանը խաղար, այդ դեպքում պաշտպանության մեր խաղացողները ավելի շատ ծանրաբեռնվածություն կունենային», - նշում է պարբերականը:

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ Խորվաթիայի մարզիչ Զլատկո Դալիչն ուզում է առաջին հերթին փորձարկել հարձակվողներին, այդ թվում՝ փորձել Անդրեյ Կրամարիչ – Անտե Ռեբիչ – Բրունո Պետկովիչ կապը:

«Մենք ամբողջ ուժով կխաղանք, բայց կփորձենք նաև խաղի երկու տարբեր սխեմաներ։ Վերջին շրջանում խաղում էինք ավելի ուժեղ մրցակիցների հետ, իսկ Հայաստանը ավելի ցածր մակարդակի թիմ է», - նշել է նա։

Պարբերականը հիշեցնում է, որ առաջին մեծության աստղերից Խորվաթիայի հավաքականում հայտավորված չեն Իվան Ռակիտիչը, սակայն հայտավորված են Լուկա Մոդրիչն ու Իվան Պերիշիչը:

Այնուամենայնիվ, թիմը միասին խաղալու բավարար ժամանակ չի ունեցել։ Հավաքին 11 խաղացող է ժամանել, մյուսները միայն վերջին շաբաթ-կիրակի օրերին են տեղ հասել։ Դրան գումարած, շատերը երկար ու դժվարին մրցաշրջան են ունեցել։

Հիշեցնենք, 2022-ի  Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը հաղթել էր առաջին երեք հանդիպումներում։ Այդ հանդիպումներից բացակայում էր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը․նա ապաքինվում էր վնասվածքից, որը ստացել էր «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում: Հունիսի 5-ին Հայաստանը ևս մեկ ընկերական հանդիպում (նույնպես արտագնա) կանցկացնի Շվեդիայի հավաքականի հետ:

  • Կիսվել: