հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները. Դումանյան

Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները. Դումանյան

Ազգային ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները:

Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև այս ոլորտները՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր միջոցառումներ:

Մասսայական սպորտի խթանման նպատակով անցկացվել են մարզական միջոցառումներ

Զանգվածային (մասսայական) սպորտին ուղղված միջոցառումների շրջանակում 2021 թ. ընթացքում իրականացվել են սիրողական խճուղային հեծանվավազքի և սիրողական կրոսավազքի՝ ՀՀ Վարչապետի գավաթները, «Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր» զանգվածային մարզական միջոցառումները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 3294 մարդ: Նախարարի խոսքով՝ միջոցառումներն իրականացվել են մարզերում՝ նպատակ ունենալով ներգրավել նաև մարզային բնակչությանը։ Նա նաև նշել է, որ այս տարի կընդլայնվի այս ծրագրերի թե՛ անվանացանկը և թե՛ մասնակիցների քանակը։

Ավելացվել են մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակն ու դրամական մրցանակները

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ կրկնապատկվել է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակը:

Աճել են մեդալակիր մարզիկներին և մարզիչներին տրվող դրամական մրցանակների չափերը։ Պարգևատրվել են ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները:

«2021 թվականին իրավական ակտերում կատարված փոփոխությունների արդյունքում 2022 թվականից աճել են ՀՀ հավաքական թիմերի մարզիչների և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների հասած մարզիկների պատվովճարներին և անվանական թոշակներին ուղղված գումարները՝ պայմանավորված ինչպես պատվովճար ստացող չեմպիոնների ցանկում նոր շահառուների ընդգրկմամբ, այնպես էլ տրամադրվող պատվովճարների և պարգևավճարների չափի ավելացմամբ»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Ոլորտում իրականացվել են աշխատանքներ նաև օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովման, հաշմանդամային սպորտի զարգացման, ազգային ֆեդերացիաներին, մարզական-հասարակական կազմակերպություններին, ազգային հավաքականներին պետական աջակցության տրամադրման ուղղություններով:

199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե

2021 թ. ընթացքում ՀՀ հավաքականների տարբեր տարիքային խմբերում (մեծահասակների, երիտասարդների և պատանիների) մարզիկները, մասնակցելով օլիմպիական խաղերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, նվաճել են ընդհանուր առմամբ 199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե մեդալ:

Պետական աջակցություն է տրամադրվել նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներին, որոնք մասնակցել են 5 միջազգային մրցումների, այդ թվում՝ Տոկիոյի ամառային պարալիմպիկ խաղերին, իսկ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունում ընդհանուր հաշվով մեր հավաքականը նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ։

Միջազգային մարզական մրցաշարերի անցկացում Երևանում

Նախարար Վահրամ Դումանյանը փաստել է՝ Կառավարության նպատակային քայլերի շնորհիվ Հայաստանը վերադառնում է աշխարհի սպորտային քարտեզ: Այս համատեքստում նախարարն ընդգծել է՝ 2021 թվականին ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանը 2022 թ․ հյուրընկալել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ 2023 թ. ապրիլին արդեն նախատեսվում է հյուրընկալել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Երիտասարդների բնակարանային պայմանների բարելավման ծրագիր

Երիտասարդների բնակարանային պայմանների բարելավման առումով էական է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շարունակումը, որի շրջանակում 2021 թ․դեկտեմբերի 31-ի դրությամբ սուբսիդավորվել է 5475 վարկ՝ ընդհանուր 1,35 մլրդ դրամ ծավալով:

  • Կիսվել: