կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր, սա անբովանդակ թեմա է․ Վահրամ Դումանյան

Մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր, սա անբովանդակ թեմա է․ Վահրամ Դումանյան

Քաղաքապետարանը հստակ ասել է, որ բոլոր ծակերը կվերականգնվեն, եկեք ավելի բովանդակային և լուրջ հարցեր տվեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ամանորյա միջոցառումների համար հրապարակի շենքերի վրա արված անցքերին և միջամտություններին, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Այս աշխատանքները կատարվել են քաղաքապետարանի պատվերով և ես կասկած չունեմ, որ իրենք իրենց ասածը կիրականացնեն, խնդրում եմ այս հարցը այսքանով ամփոփենք։ Ես փորձագետ չեմ, բայց լսել եմ ճարտարապետների կարծիքները, ովքեր ասում են, որ դա ընդհանրապես խնդիր չէ։ Մեր նախարարությունը հարյուրամյա պատմամշակութային արժեքներ է վերականգնում, հիմա մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր, 6000 անցք առանձին-առանձին կվերականգնվի, եկեք ամփոփենք, սա անբովանդակ թեմա է»,- ասաց նախարարը։

Հարցին, թե ինչու՞ մինչև զարդարման աշխատանքների մեկնարկը ԿԳՄՍ-ում հանձաժողով չի կազմվել, նախարարը բացատրեց, որ հանձնաժողովներ կազմվում են, եթե ներկայացվում են մշտական նախագծեր, իսկ ամանորյա զարդարանքների տեղադրումը ժամանակավոր բնույթ է կրել․ «Քաղաքապետարանի հետ բանավոր քննարկումներ են եղել»։ 

«Չեմ բացառում, որ եթե ես լինեի ծրագրի պատասխանատուն, միգուցե այլ լուծումներ գտնեի, ես վարպետ չեմ, բայց միգուցե ավելի լավ գաղափար կարող էր ինձ մոտ առաջանալ, բայց հիմա այս լուծումը պետք չի վերածել անդառնալի գործընթացի , վստահ եմ ամեն ինչ կվերականգնվի և որևէ խնդիր չկա»,- խոսելով զարդարանքների ընտրված եղանակի մասին նկատեց վարչապետը։ 

Հարցին, թե արդյո՞ք կարիք չկա քրեական պատասխանտվության ենթարկել մեղավորներին, նախարարը լրագրողներին պատասխանեց․ « Չեմ կիսում մեղադրանքը, դուք լիազորված չեք մեղադրանք առաջադրել, դուք կարող եք ընդամենը մտահոգվել, մտահոգվեք, ըմբռնումով եմ մոտենում ձեր մտահոգությանը , ես վստահում եմ քաղաքապետարանի ասածին, որ եթե ինչ-որ բան վնասել են, լույսերը հավաքելուց հետո կվերականգնեն։ Սա է իմ գնահատականը իրավիճակին»։

 

  • Կիսվել: