երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ Գորիսում կստեղծվի խորհուրդ

Զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ Գորիսում կստեղծվի խորհուրդ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների առաջարկությամբ և մասնակցությամբ Գորիսում կստեղծվի խորհուրդ, այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպմանը զոհվածների հարազատները քննարկել են խորհրդի գործունեությանն ուղղված մի շարք հարցեր

«Զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում ամբողջովին գնահատել ընտանիքների կարիքները, մտահոգող հարցերը: Զոհված զինծառայողների հարազատները՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներից, հանդիպել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ և առաջարկել ստեղծել հանձնաժողով, որի կազմում կլինեն զինծառայողների հարազատները, ովքեր ժամանակ առ ժամանակ կներկայացնեն իրենց մտահոգող հարցերը, հանդես կգան առաջարկություններով: 

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ յուրաքանչուրիս պարտքն է ամենօրյա աշխատանք տանել՝ ուշադրության կենտրոնում պահելով բոլոր ընտանիքներին, հետամուտ լինել, որպեսզի մտահոգող հարցերը հրատապ կարգով լուծում ստանան»,-նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: