ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ժողովուրդ». Զինվորի ինքնասպանությունն ու Շմայսի որդին․ իրավիճակը՝ բանակում

«Ժողովուրդ». Զինվորի ինքնասպանությունն ու Շմայսի որդին․ իրավիճակը՝ բանակում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Եւ հենց ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը:

Հունվարի 23-ին ՊԲ զորամասերից մեկում Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կրակել էր զորքի վրա. ունեցանք 2 վիրավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից առաջ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տարօրինակ վարք է դրսեւորել, որը նկատել է զորամասի ղեկավարությունը եւ ուղարկել մասնագետների մոտ՝ ստուգման: Բժշկական հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ զինվորը պիտանի է ծառայության, բայց նա կրակեց զորքի վրա:

Դրանից հետո՝ Բանակի օրը, Նվեր Ավետիսյանը վիրավորվեց դարձյալ զորամասում եւ մութ հանգամանքներում:

Նախօրեին էլ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վ. Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս, հայհոյանքներ տալով, զինվորներից մեկին է փնտրել, որից հետո զինակիցների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է: Նա ապրում էր Էջմիածին քաղաքում: Նրա հետ զորամասի մի խումբ տղաներ էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել: Դրան մասնակից է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդին:

Առաքել Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին 6 ամսվա օրինակելի զինծառայող է. «Ամբողջ դիվիզիոնին տարել են հարցաքննության, ես սպասում եմ՝ զանգեն: Եթե փաստաբանի կարիք լինի, վերցնեմ, գնամ Ղարաբաղ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: