հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զախարովան անդրադարձել է Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը

Զախարովան անդրադարձել է Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը

 Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում՝ անդրադառնալով Մարտակերտ շրջանի Մատաղիս գյուղում օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության դեպքին։ 

«Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անդադար գործունեություն են ծավալում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Տվյալ ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրի առաջնորդների հայտարարությունների բոլոր դրույթների անխափան կիրառումը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դատում առկա փոխադարձ խնդրահարույց հարցերը, փոխանակել գերիներին՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով և ականապատման քարտեզները»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահի ուղեկցությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցի հետևանքով  սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։

  • Կիսվել: