Ընդդիմության վրաններից մեկում մահացած ցուցարարի դիակի փորձաքննությունն ավարտվել է․ մահվան պատճառը թմրադեղի գերդոզավորումն է
Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում մահացած ցուցարարներից մեկի մահվան պատճառը պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է։ Civic.am-ի տեղեկություններով՝ հաստատվել է ցուցարարի մահվան վերաբերյալ ավելի վաղ շրջանառված վարկածը,ըստ որի՝ վերջինիս մահը վրա է հասել «Սփայս» տեսակի թմրանյութի գերդոզավորումից։
Պատկան մարմիններն առաջիկա օրերին, ըստ մեր տեղեկությունների, հանդես կգան պաշտոնական պարզաբանմամբ։
ՀՀ ԿԱ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Civic.am-ին փոխանցեց, որ ՀՀ ոստիկանությունը դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի ստացել։
Հիշեցնենք, որ ցուցարարի մահվան դեպքն արձանագրվել էր մայիսի 5-ին։ Ֆրանսիայի հրապարակից շտապ օգնության մեքենայով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Ա. Սեդրակյանը մահացել է սուր սրտային անբավարարությունից:


