ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթանակը շարունակական է լինելու․ Շիրակի մարզպետ

Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթանակը շարունակական է լինելու․ Շիրակի մարզպետ

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ուժային կառույցների ղեկավարները, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի հրամանատարները, Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհել, ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և շնորհավորել հաղթանակի օրվա առթիվ․

«Հարգելի հայրենակիցներ, այսօր փառապանծ հաղթանակի օրն է, որը խոսում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, մեր հաղթական ուղու և մեր միասնության մասին։ Այո, մեր երկու ժողովուրդները կարող են կողք կողքի ապրել, ձեռք ձեռքի տալ և բռունցքված պայքարել չարիքի դեմ։ Մեր խոնարհումը բոլոր այն նահատակներին, որոնք կյանքը տվել են հայրենիքի ու հաղթանակի համար։ Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթանակը շարունակական է լինելու, և այսօր ևս մեկ անգամ շեշտենք, որ հաղթանակները կերտվում են բարեկամությամբ, հաղթանակները կերտվում են նվիրումով և հաղթանակները կերտվում են վստահությամբ»։

Մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանն ու Ալբերտ Այվազյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների, զինվորականների հետ Գյումրու թիվ 2 գերեզմանատան պանթեոնում ծաղիկներ են դրել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների եղբայրական գերեզմանին:

  • Կիսվել: