Վստահ ենք, որ պատրաստ ենք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. Մնացականյան
Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով ԼՀ խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ասաց, որ հայկական կողմը վստահ է, որ պատրաստ է Եվրամիության հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը, պատրաստ է իր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը:
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք համարում ենք, որ եկել ենք մի մակարդակի, որպեսզի այդ երկխոսության մեկնարկը տանք: Սա մեր մոտեցումն է, որն ունի համապատասխան արգումենտացիոն հիմք: Մեր գործընկերները նաև ունեն որոշ հարցեր, որոնց մեջ կա տարր, որն անմիջապես Հայաստանին չի վերաբերում, այլ բխում է ընդհանուր միգրացիոն իրավիճակից բխող հարցերից: Մենք պնդում ենք՝ պետք է լիներ, բայց մեր գործընկերները դեռևս ի ցույց են դրել որոշ զգուշություն: Մեզ համար սկզբունքային է, այո, մեզ անհրաժեշտ է սկսել»:
Մնացականյանի խոսքով՝ բավական մեծ թվով երկրներ աջակից են Հայաստանին այս հարցում: Նախարարը հիշեցրեց, թե ինչպես է արտահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը անցյալ տարի ասուլիսում, սակայն նշեց՝ սա այն հարցն է, որը պահանջում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը: Սա ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկն է:
Նախարարի խոսքով՝ դա ունի նաև չափազանց մեծ քաղաքական նշանակություն. «Հարաբերությունների ընդլայնման և խորացման առումով մարդկային շփումների գործոնն ունի մեծ նշանակություն և դրա համար պայմանները, որոնք բխում են վիզաների ազատականացման գործառույթից, ապահովում են նման միջավայր:
Մենք վստահ ենք, որ մենք պատրաստ ենք սկսել այդ երկխոսությունը, պատրաստ ենք անմիջապես ներգրավվել դրա մեջ և պատրաստ ենք մեր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: Սա գերակայություն է, սա սկզբունքային խնդիր է»:


