երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերին Լարսը բացվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար

Վերին Լարսը բացվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար

Մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո Ռուսաստանի հետ սահմանի «Վերին Լարս» մաքսային անցակետով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար:  Այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Ըստ Վրաստանի ավտոճանապարհների վարչության հաղորդագրության՝ Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում հունվարի 24-ից սահմանափակումներ էին մտցվել ձնամրրիկի և վատ տեսանելիության պատճառով։ Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկությունն ազատ է։
 
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով, Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում` միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով:
 
Կցորդիչներով, կիսակցորդիչներով և M3 կատեգորիայի 22-ից ավելի նստատեղ ունեցող (վարորդի նստատեղը չհաշված) տրանսպորտային միջոցների երթևեկությունը միակողմանի կարգով կիրականացվի թունելներով։
 
Այս ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ։

  • Կիսվել: