շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վերանորոգվելու է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող պատշգամբը և մարզադահլիճը

Վերանորոգվելու է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող պատշգամբը և մարզադահլիճը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով նախատեսվում է վերանորոգել  Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող պատշգամբը և մարզադահլիճը: Դպրոցը գտնվում է «Կումայրի» արգելոցի տարածքում, որը ժամանակին ալեքպոլցի մեծահարուստ Գառգալոյանների շքեղ առանձնատունն էր։

Խորհրդային շրջանում տունը պետականացվում է և վերածվում մանկական հիվանդանոցի: Ժամանակին  այստեղ է տեղակայվում  նաև Ամերկոմի որբանոցը, որտեղ միաժամանակ կրթություն են ստանում Արևմտյան Հայաստանից գաղթած երեխաները։

Թեև կառույցը  դպրոցական տիպային կառույց չէ, տարբեր նշանակության ծառայելուց հետո, կառույցը 1920-ականների վերջին հիմնանորոգվում ու ներքին վերափոխումներից հետո վերածվում է կրթական հաստատության՝ նախ որպես արական ութամյա, ապա՝ երկսեռ ութամյա դպրոցի, իսկ 1967թ․-ից այն դառնում է միջնակարգ դպրոց, 100-ամյա պատմության շենքը պատկանում է թիվ 1 ավագ դպրոցին։

 «Քանի որ շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում դպրոց, սկզբում զարմանում, հետո հիանում են, որ այսպիսի մի շենքում, որը դարից ավելի պատմություն ունի, նաև ժամանակակից դասապրոցես է կատարվում»,-նշեց դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը՝ փաստելով, որ դպրոցը չի կարող իր սուղ միջոցներով վերանորոգել կառույցը։

Տարածքային զարգացման հիմնադրամն արդեն իրականացրել է նախագծանախահաշվային աշխատանքները: Դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի նորոգման նախնական ընդհանուր արժեքը գնահատվել է 47 մլն 678 հազար դրամ, որից 4,7 մլն-ը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է։ Սակայն այս թիվը ծրագրի վերջնական հաստատումից հետո հնարավոր է փոփոխության ենթարկվել:

Ծրագիրը վերջնական տեսք կստանա, երբ նախնական ու վերջնական փորձաքննություններ անցնի, որոնց հիմքով եզրակացություններ կպատրաստվեն։

  • Կիսվել: