ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վեհափառի մասնակցությամբ հոգեհանգստի կարգ է կատարվել Վարդան Գրեգորյանի համար

Վեհափառի մասնակցությամբ հոգեհանգստի կարգ է կատարվել Վարդան Գրեգորյանի համար

Ապրիլի 25-ին Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ նորոգ հանգուցյալ հոգելույս Վարդան Գրեգորյանի համար: Վերջինիս մահվան առիթով ապրիլի 17-ին Վեհափառ Հայրապետը ցավակցագիր էր հղել նրա ընտանիքին և բոլոր վշտացյալներին։

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Սուրբ Պատարագի և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին:

Արարողության ավարտին Վեհարանում տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը, անդրադառնալով կրթական, գիտական և հանրային ճանաչված գործիչ, «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ բարեհիշատակ Վարդան Գրեգորյանի օրինակելի կերպարին, վերստին իր աղոթքն է բարձրացրել անվանի հայորդու հոգու հանգստության և խաղաղության համար։

  • Կիսվել: