ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վայոց Ձորի մարզում բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 7 վիրավոր

Վայոց Ձորի մարզում բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 7 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ford Transit-ը հաշվառված ա Կապանի հիվանդանոցի հաշվեկշռում և Երևան հիվանդանոց էր տեղափոխում սրտի վիրահատություն տարած քաղաքացուն»:

  • Կիսվել: