Վայոց ձորի մարզում 51-ամյա վարորդը Iveco-ով կողաշրջվել է, կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 157.5-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Նորիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: