Հունգարիան կողմ է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին օգնություն հատկացնելուն՝ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին հատկացնելու դեպքում. Սիյարտո
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է այն մասին լուրերին, ըստ որոնց՝ Հունգարիան արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը։
Սիյարտոն հստակեցրել է, որ իր երկիրը դեմ չէ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելուն, սակայն հավելել է, որ բալանսը պահելու համար նույնքան օգնություն էլ պետք է հատկացվի Ադրբեջանին։
«Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի Ադրբեջանին։ Վերջին անգամ դա աշխատել է՝ 10 միլիոն եվրո հատկացվել է Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին։ Այս անգամ էլ դա կարող է աշխատել»,-նշել է նա։
Հունգարիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ լավ քննարկում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, և ինքը պարզ ասել է, որ Հունգարիան կողմ է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելուն՝ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին հատկացնելու դեպքում։ Նա նշել է, որ դա վերաբերում է Եվրամիության ցանկացած ռեսուրսից հատկացվող աջակցությանը։
«Եվ, եթե դա մեկ անգամ աշխատել է, կաշխատի նաև հիմա»,-նշել է նա։
Ինչպես հայտնի է՝ ամիսներ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Հունգարիան ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։