ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վտանգավոր բանն այս պահին մեղավոր փնտրելն է, պետք է լուրջ վերլուծություն անել․ Վարդան Պետրոսյան

Վտանգավոր բանն այս պահին մեղավոր փնտրելն է, պետք է լուրջ վերլուծություն անել․ Վարդան Պետրոսյան

Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների հրավիրած բողոքի ակցիային է մասնակցում նաև դերասան Վարդան Պետրոսյանը։

«Իրավունք չունենք զինվորին մենակ թողնել, պետք է օրուգիշեր մտածենք, օր առաջ կարողանանք օգնել նրանց այնտեղից բերել: Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում: 

Շատերը գուցե քաղաքական երանգ են տեսնում, կամ մտավախություններ ունեն: Թող չվախենան: Միգուցե այդ մտավախությունների պատճառով է, որ այնքան շատ մարդ չկար, ինչքան կարելի էր սպասել, բայց ես վստահ եմ, որ մարդիկ կշատանան՝ հասկանալով, որ պետք է մասնակցեն՝ օգնելու զինվորներին ու նրանց ընտանքիներին, որոնք ծանր հոգեվիճակում են»,-ասաց դերասանը:

Նրա դիտարկմամբ՝ հասարակության մեջ պառակտում կա, և դա ամենավտանգավոր բաներից մեկն է:

«Չեմ կարող ասել՝ որտեղից սկսվեց: Վտանգավոր բանն այս պահին մեղավոր փնտրելն է, պետք է լուրջ վերլուծություն անել: Պարտությունից հետո այդպես լինում է: Պետք է կարողանալ պարտվել»,-ասաց նա:

Հարցին՝ ինչ է պետք անել պարտությունից հետո, Պետրոսյանն արձագանքեց, որ պարտությունից հետո նախ պետք է հասկանալ, որ պետք է ապրել.

«Ապրելը նաև պարտականություն է, սա շատ կարևոր բան է: Ապրել նաև վատ, ծանր պայմաններում: Պետք է հիշել, որ մենք շատ ավելի ծանր պահեր ենք ապրել, մեր ժողովուրդը տարել է ծայրաստիճան ծանր բաներ: Սա շատ դժվար բան է, բայց պետք է ժողովրդին ոտքի կանգնեցնել»,-ասաց Վարդան Պետրոսյանը:

  • Կիսվել: