Թուրքիան Միջին միջանցքը համարում է ռազմավարական նշանակության նախագիծ. Ֆիդան
Հարավային Կովկասով անցնող և տարածաշրջանը թուրքական տարածքի հետ կապող Միջին միջանցքը Թուրքիան համարում է միջազգային առևտրային ու տրանսպորտային կապերի զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, տեղեկացնում է Anadolu-ն։
Նշվում է, որ նա ասել է, որ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դառնում է ռազմավարական անհրաժեշտություն, քանի որ այն հնարավորություն է տալիս ընդլայնել շուկաների հասանելիությունն ու ամրապնդել մատակարարման համաշխարհային շղթաները։
Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան իր աշխարհագրական դիրքը դիտարկում է ոչ միայն որպես մայրցամաքները կապելու հնարավորություն, այլև որպես ռազմավարական պատասխանատվություն։
Այս ներուժն իրացնելու համար, նախարարի խոսքով, անհրաժեշտ են զարգացած ենթակառուցվածքներ, դիվանագիտական ջանքեր և տրանսպորտային երթուղիների անվտանգության բարձրացում։
Բացի այդ՝ Ֆիդանը հեռանկարային նախագծերից է համարել նաև Պարսից ծոցը Իրաքի և Թուրքիայի տարածքով Եվրոպային կապող տրանսպորտային երթուղու ստեղծումը։ Անկարան ձգտում է նաև դիվերսիֆիկացնել էներգետիկ երթուղիներն ու մատակարարման աղբյուրները։
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ նման նախագծերը տարածաշրջանային կապերի ավելի լայն համակարգի մաս են, որը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել և ամրապնդել քաղաքական համագործակցությունը։


