կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վանաձորում՝ բնակարանային գողություն, Հրազդանում՝ գողության փորձ. 3 անձ ձերբակալվել է

Վանաձորում՝ բնակարանային գողություն, Հրազդանում՝ գողության փորձ. 3 անձ ձերբակալվել է

Մարտի 2-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ փետրվարի 28-ին, ժամը 11.10-ի սահմաններում, 2 անձ, մուտքի դռան փականը չպարզված առարկայով բացելով, մտել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի իր բնակարան, սակայն շքամուտքում իրեն տեսնելով՝ դիմել են փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ գողության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի և Բազումի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են Վանաձոր քաղաքի 56 և 46 տարեկան երկու բնակիչ:

Ոստիկանության Կոտայքի և Լոռու մարզային վարչությունների, Չարենցավանի, Բազումի և Տարոնի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում մարտի 29-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Բազումի բաժին բերման են ենթարկել 55 և 56 տարեկան երկու վանաձորցու, որոնցից 56 տարեկանը նաև կասկածվում էր Հրազդանում կատարված գողության փորձի մեջ: Հենց նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկյա մատանիներ, ոսկյա կախազարդ և դռան փականներ բացելու համար հարմարեցված բանալիներ: Նա հայտնել է, որ ոսկյա զարդերը գողացել են Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից: 55-ամյա վանաձորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկյա մատանիներ, թևնոցներ, ականջօղեր, ոսկյա շղթաներ՝ ոսկյա խաչով և կախազարդով: Նույն օրը տուժողը ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից՝ հարմարեցված գործիքով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակից գողացել 250 դոլար և ոսկյա զարդեր:

Գողության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում երկուսն էլ ձերբակալվել են:

Հրազդանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքում հայտնաբերվել է նաև գողության փորձի մեջ կասկածվող 46-ամյա վանաձորցին: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: