հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահրամ Դումանյանը՝ տարկետման նոր նախագծի մասին

Վահրամ Դումանյանը՝ տարկետման նոր նախագծի մասին

«Նախագիծը շատ կարճ ձևակերպում ունի, այն երկու կետ ունի: Նախ առաջարկում ենք, որ տարկետումը, եթե տրամադրվել է կրթական նպատակներով և անձը հասել է 27 տարեկանի, ապա նրա բանակ զորակոչելու վերջնական տարիքը սահմանել 28, այսինքն մեկ տարի ավել: Դա պայմանավորված է նրանով, որ այս 27 տարեկան սահմանափակումը դեռևս Խորհրդային շրջանից է գալիս, երբ դպրոցը 10 տարի էր, բուհերը՝ 5, ասպիրանտուրան՝ 3, հիմա  12 տարի է դպրոցը, 4 տարի բակալավրիատը, 2 տարի մագիստրատուրան և 3 տարի ասպիրանտուրան։ Ստացվում է այնպես, որ 27-ի շեմին արդեն իսկ ասպիրանտը զորակոչվում է բանակ և առաջանում են արհեստական խոչընդոտներ: Դա կանխելու համար մենք ընտրեցինք շատ բնական մոտեցում, որ այդ ուսանողների համար տարիքը սահմանվի 1 տարի ավել»,- անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագծին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Դումանյանն անդրադարձավ նաև նախագծի մյուս կետին. «Այս նախագծի մյուս կետով մենք առաջարկում ենք  գերակա ուղղություններով որոշ բուհերի, որոշ մասնագիտությունների տրամադրել որոշակի քանակի տեղեր և լիազորել Կառավարությանը, որպեսզի նա իրավասու լինի դա անել: Այդ բուհեր ընդունվածներին և այդ մասնագիտություններն ընտրողներին կտրվի տարկետում՝ լինի դա բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա: Բնականաբար խիստ սահմանափակ տեղեր կլինեն»,- նշում է ԿԳՄՍ նախարարն ու հավելում, որ քանակը պետք է համաձայնեցնեն ՊՆ-ի հետ:

  • Կիսվել: