հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի 70-ամյակի առթիվ

Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի 70-ամյակի առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել գեղանկարիչ, քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի 70-ամյակի առթիվ.

«Սիրելի՛ Վարպետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Արդի հայ կերպարվեստն անհնար է պատկերացնել առանց իր ինքնատիպությունն ու ինքնուրույնությունը վաղուց հաստատած Ձեր ավանդի, որն իր արժևորումն ու ճանաչելիությունը ստացել է ոչ միայն հայրենի գեղանկարչության և արվեստագիտական մտքի համատեքստում, այլև միջազգային արվեստասեր հասարակության շրջանակում: Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ` Դուք մասնակցել եք Իսլանդիայում կազմակերպված «Հայաստանի արվեստ», Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում` «Հայաստանի կերպարվեստը», Շվեյցարիայում` «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսներին և բազում անհատական ցուցահանդեսներ ունեցել Երևանում, հայրենի Վանաձորում և Գորիսում, ինչպես նաև Փարիզում, Չիկագոյում, Բոստոնում, Հալեպում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և այլուր:

Ձեր աշխատանքները զարդարում են Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի ժամանակակից արվեստի և Բոստոնի «Ալմա» թանգարանների, ՀՀ Նախագահի և Սբ. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրերի ցուցասրահները:

Սիրելի՛ Վարպետ, մաղթում եմ Ձեզ անսպառ ստեղծագործական ներշնչումներ, լավատեսություն, բեղուն և երկար տարիների կյանք»:

 

  • Կիսվել: