հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վահե Դանիելյանի պարզաբանումը Մարուքյանի՝ «ի՞նչ է նշանակում «զանգվածային հիվանդացում» արտահայտությունը» հարցի վերաբերյալ

Վահե Դանիելյանի պարզաբանումը Մարուքյանի՝ «ի՞նչ է նշանակում «զանգվածային հիվանդացում» արտահայտությունը» հարցի վերաբերյալ

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում Քրեական օրենսգրքում 177.1 հոդվածում առաջարկվող «զանգվածային հիվանդացում» արտահայտությունը:

Ըստ նրա՝ պետք է կոնկրետ թիվ նշվի, իսկ հիվանդացում բառը պետք  փոխարինել վարակել բառով:

Հիշեցնենք, որ քննարկվում էր արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը, որն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց, իսկ քննարկումների շարունակությունը կլինի երկուշաբթի, ժամը 11.00-ին:

Այսպես՝  արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ այդ դրույթները ենթակա են գնահատման. «Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը բացարձակ չէ եւ առանձին դրույթներ կարող են ձեւակերպվել այնպես, որ չեն կարող բացառել պրակտիկայում դրանց շրջանակի որոշումը»։

Նրա խոսքով՝ այս փոփոխություններով վարչական վարույթն իրականացնելու է ոստիկանությունը։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ մամուլի մասով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված է, որ «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով»:

«Երբ այստեղ արտակարգ դրություն հայտարարելու հարցն էինք քննարկում, վարչապետն այստեղից հայտարարեց, որ սահմանափակումները չեն վերաբերվում քննադատություններին, վերաբերում են միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններին։ Էս օրերի ընթացքում մենք տեսնում ենք, որ պարետատունը սահմանափակումներ է մտցնում խուճապը տարբեր ձեւերով մեկնաբանելով։ Ասում են՝ ձեր այսինչ մեկնաբանությունը խուճապ է հարուցում եւ պարտադրում են հեռացնել գրառումը։ Հիմա էլ տուգանելու են։ Սա պրոբլեմ է, ես միանում եմ խմբագիրների հայտարարությանը, որ սա ոչ իրավաչափ սահմանափակում է մտցնում մամուլի գործունեության առումով։  Եթե պարետատուն այսպես է շարունակելու, սա շատ մտահոգիչ է»,-նշեց պատգամավորը։

Վահե Դանիելյանն էլ արձագանքեց, որ եթե, օրինակ, հայտարարվում է, որ պարենը Հայաստանի համար բավարար չէ, դա նույնպես կարող է խուճապ առաջացնել: Նրա խոսքով՝ այս դեպքում մարդիկ կարող են մտածել, որ կարող է սով սկսվել, իրենք էլ համատարած գնումներ անել կսկսեն:

  • Կիսվել: