Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար․ Թորոսյան
Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարում գործած սխալների մասին:
Նա նշեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում, և դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան, ինչն էլ տարբեր երկրներում իշխանություններին դրդել է կատարել տարբեր քայլեր, գործողություններ և դասեր քաղել դրանից։
Նախարարը, մասնավորապես, ասաց. «Այս անորոշություններն են պատճառը, որ գուցե մենք ինչ-որ ժամանակում հապաղել ենք, մի քանի օր որոշումն ուշ ենք կայացրել։ Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ»:
Թորոսյանը հիշեց իր նախկին հայտարարությունը դիմակ չկրելու մասին և նշեց, որ անցած կարանտինային 4 ամիսները և հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ, որ այդ հայտարարությունը սխալ է եղել, և այժմ հանրայն վայրերում դիմակ կրելը նվազեցնում է վարակի տարածումը։



