հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուսումնարան ավարտածների միայն 41 %-ն է համարում, որ տեսական գիտելիքները իր աշխատանքին համապատասխանում են. Անդրեասյան

Ուսումնարան ավարտածների միայն 41 %-ն է համարում, որ տեսական գիտելիքները իր աշխատանքին համապատասխանում են. Անդրեասյան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեր քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտների միայն 41 տոկոսն է համարում, որ տեսական գիտելիքներն իրենց աշխատանքի պահանջներին համապատասխանում են եւ 43 տոկոսն է գտնում, որ գործնական հմտությունները համապատասխանում են իրենց հետագա աշխատանքի պահանջներին, մինչդեռ մենք սահմանել ենք թիրախ, որ շրջանավարտների առնվազն 90 տոկոսը իրենց մասնագիտությամբ զբաղվածություն ապահովեն։

Հարցման արդյունքներով գործատուների 78 տոկոսը գտնում է, որ շրջանավարտներին աշխատանքի ընդունելիս առնչվում է նրա գործնական կարողությունների պակասի հետ: Արդյունքում ունենք իրավիճակ, երբ մեր երիտասարդ կադրերը իրենց աշխատանքի համար կամ գերկրթված են, կամ թերկրթված»:

Անդրեասյանի խոսքով, Հայաստանում գործում են ավելի քան 100 ուսումնարաններ. «Արհեստագործական ծրագրերով շուրջ 6800 սովորողներ ունենք, միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ շուրջ 28 400: Սակայն այս ցուցանիշները բավական փոքր են՝ 13,9 տոկոս քոլեջային կրթության եւ 6,2 տոկոս  արհեստագործական ծրագրերով, այն պայմաններում, երբ իրական աշխատաշուկան 70 տոկոսից ավելին արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագետների պակաս ունի: Աշխատաշուկայի վերլուծությունները ցույց են տալիս, որ արհեստագործական կրթություն պահանջող շատ աշխատանքներում զբաղված են բուհ ավարտած անձինք»,- ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով, այս նախագծով վերացվում է տարբերությունը քոլեջների եւ ուսումնարանների միջեւ. «Թողնվում է մեկ տեսակ՝ քոլեջ, որը կարող է իրականացնել արհեստագործական եւ միջին մասնագիտական ծրագրեր: Ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը որպես կրթության կազմակերպման հիմնական եղանակ: Այ պահին միայն ուսումնական պրակտիկան է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման տեսակներից միայն մեկն է»:

  • Կիսվել: