շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուշադրության կենտրոնում են փրկարարական ծառայողների  բուժսպասարկման և առողջության ապահովման հարցերը

Ուշադրության կենտրոնում են փրկարարական ծառայողների բուժսպասարկման և առողջության ապահովման հարցերը

ՆԳՆ Փրկարար ծառայությունում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փրկարարական ծառայողների առողջական վիճակին և բժշկական սպասարկման ապահովման հարցերին։
Ծառայության անվտանգության բժշկական ապահովման համատեքստում կարևորվում են հիվանդությունների կանխարգելման ուղիները, բուժկանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաև համակարգ նոր ընդունվող անձանց պարտադիր բժշկական փորձաքննությունը։

Այս տարի ևս նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՆԳՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության կողմից Երևանում և մարզերում անցկացվեց փրկարարական ծառայողների ամենամյա պլանային բուժզննում (դիսպանսերիզացիա), որը պարտադիր է բոլոր ծառայողների համար։

Պլանային բուժզննումը միտված է անձնակազմի առողջական վիճակի բժշկական հսկողության իրականացմանը, հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանը, առողջության վրա բացասաբար ազդող գործոնների բացահայտմանը։

Ինչպես նշեց ՓԾ բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Գայանե Հայրապետյանը, պլանային բուժզննումը կարևորագույն միջոցառում է հանդիսանում ծառայողների առողջության անվտանգության ապահովման բնագավառում։

«Բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացումը, ծառայողների առողջական վիճակի մշտական հսկողությունը, կանխարգելիչ բժշկական զննությունները, հիվանդությունների ժամանակին բացահայտումը և ուղղորդումը՝ ծառայողների կյանքի և առողջության ապահովման կարևոր գրավականն են»,-շեշտեց փրկարարական ծառայության փոխգնդապետը։

Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալը մանրամասն ներկայացրեց փրկարարական ծառայողների առողջության բարելավմանն ուղղված միջոցառումները․ մշտական հսկողության կազմակերպման, բժշկական օգնության ցուցաբերման ուղղությամբ՝ կարևորելով հատկապես հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող անձնակազմի առողջության ապահովման հարցերը։

Նշենք, որ ծառայությունում կանխարգելիչ բժշկական զննությունները հնարավորություն են տալիս վաղաժամ բացահայտել հիվանդությունները, ըստ անհրաժեշտության ծառայողներին տեղում ցուցաբերել համապատասխան օգնություն, կազմակերպել վերջիններիս ամբուլատոր կամ ստացիոնար բուժման գործընթացը, առանձին դեպքերում ուղղորդել առողջարանային կամ վերականգնողական բուժման։

  • Կիսվել: