Ունենք փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում. Միրզոյանը՝ Լավրովի հետ ասուլիսին
Այսօրվա բանակցությունները բավականին ընդգրկուն էին և բավականին կառուցողական: Հարցերի շրջանակը լայն էր: Երկուստեք ընդգծել ենք Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի և շարունակական քաղաքականության երկխոսությունը՝ հիմնված երկու երկրներից յուրաքանչյուրի շահերի և առաջնահերթությունների վրա: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ընդգծվել է, որ ընթացիկ տարին հագեցած էր և կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով:
«Սպասում ենք Դաշնության խորհրդի նախագահ տիկին Մատվիենկոյի և նրա պատվիրակության այցին: Միջտարածաշրջանային ֆորում է տեղի ունենալու նաև:
Քիչ առաջ ստորագրեցինք երկու ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը առաջին երկու տարիների համար»,- ասաց նա:
Ըստ Միրզոյանի՝ ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, ՀՀ-ՌԴ հարաբերություններում ևս տեսանելի և էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները:
«Մենք ունենք փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում: Իհարկե տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում, և մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա:
Այս համատեքստում, իհարկե, հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հերթական անգամ: Քննարկել ենք դրա ընձեռող հնարավորությունները»,- ասաց նա: