կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուռուցքաբանության ոլորտում մենք, այո, ունենք հաջողություններ, բայց ո՞ր կետից ենք հաշվարկում մեր հաջողությունները. Բաբլոյան

Ուռուցքաբանության ոլորտում մենք, այո, ունենք հաջողություններ, բայց ո՞ր կետից ենք հաշվարկում մեր հաջողությունները. Բաբլոյան

Ուռուցքաբանության ոլորտում մենք, այո, ունենք հաջողություններ, բայց ո՞ր կետից ենք հաշվարկում մեր հաջողությունները: Այս մասին այսօր Ջերմուկում ընթացող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի բացման ժամանակ ասաց «Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, մանկական վիրաբույժ-ուրոլոգ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Արդյոք մենք ունենք հաջողություններ կանխարգելման առումով: Գալով ծխելու թեմային, պետք է ասեմ, որ մենք այստեղ դեռ շատ հետ ենք մնում: Դրա համար այն քայլերը, որոնք վերջին տարիներին իրականացվում են կառավարության կողմից, առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում առողջապահության նախարարության կողմից ուռուցքաբանության բոլոր ուղղություններով ծրագրերով զարգացնելուն, այսինքն նախեւառաջ կանխարգելելու, վաղ հայտնաբերում, վաղ միջամտություն, վերականգնում, այս բոլոր ուղղությունները, այո, պետք է փոխկապակցված լինեն»:

Բաբլոյանն անդրադարձավ նաև առողջապահության ապահովագրմանը:

«Ինչ խոսք, մենք պետք է մարդկանց կրթենք, դաստիարակենք, որ նրանք հասկանան, որ անկախ նրանից, որ փողը վճարել են ապահովագրվելու, նրանք չեն կարող ստանալ համապատասխան բժշկական ծառայություն անվճար, եթե իրենք նախօրոք չեն գնացել ու չեն մասնակցել այն սկրինինգներին, որոնք կանխարգելելու են հիվանդության ուշ հայտնաբերումը: Այսինքն՝ մենք այս պահին, ունենալով լավ արդյունքներ, իրականում չենք կարող ասել, որ այն կետը, որից սկսում ենք, դրա համար մեղավոր է կառավարությունը: Ոչ, այդ վատ կետին, վատ ցուցանիշին մենք հասել ենք տասնյակ տարիների ընթացքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ եթե մենք 2022 թվականին մենք ունենք չարորակ ուռուցքներով հաստատված 20 մլն դեպք, ապա 2050-ին կանխատեսվում է 35 մլն դեպք: Կարծում եմ՝ մեր ջանքերը հենց ուղղված են դրան, որ մենք այդ 35 մլն-ի մեջ չլինենք, մենք լինենք այն թվերի մեջ, որոնք բերելու են 3-4 տոկոսը բարձրացնելու 5-6 տոկոսի եւ ավելի բարձր արդյունքների»,-ասաց Բաբլոյանը:

  • Կիսվել: