կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անցյալ տարի օնկոլոգիական հիվանդություններից մահացությունը պակասել է շուրջ 3-4 տոկոսով. Ավանեսյան

Անցյալ տարի օնկոլոգիական հիվանդություններից մահացությունը պակասել է շուրջ 3-4 տոկոսով. Ավանեսյան

Վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտն արձանագրել է իսկապես մեծ հաջողություններ քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին այսօր Ջերմուկում ընթացող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի բացման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ունենք առաջին անգամ հայտնաբերված դեպքերի աճ, ունենք մահացության նվազում, որը տարեցտարի արձանագրվում է: Միայն անցյալ տարի մահացությունը պակասել է շուրջ 3-4 տոկոսով: Այս ցուցանիշները հուսադրող են թվում, բայց մենք չպետք է բավարարվենք այս ցուցանիշներով: Մենք հասկանում ենք, որ, այնուամենայնիվ, պետության կողմից հոգածության շրջանակի ընդլայնումը, պետպատվերի մեծացումը, հասանելիության մեծացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումները, ենթակառուցվածքների փոփոխությունները, մեր մասնագետների շարունակական կրթությունը ընթացիկ բարելավումներ են, բայց դեռ հատվածական են:

Առողջապահության նախարարության եւ կառավարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը, որ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի եւ փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին, իհարկե, ապահովագրական համակարգի ներդրումն է: Այն իր մեջ ներառում է նաեւ որակի վերահսկման համակարգի ներդրում էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրում, կանխարգելման շեշտադրում, ռիսկի ֆակտորների նվազեցում:

Ինչքան մենք երկարացնենք մարդկանց կյանքը, այո, ոչ վարակիչ հիվանդությունների համամասնությունը փոխվելու է Հայաստանում: Եթե այսօր սրտանոթային հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է, տարիների ընթացքում կյանքի միջին տեւողության երկարացման եւ որակի բարելավման պարագայում մեզ մոտ քաղցկեղով հիվանդություններն աճելու են:

Սա նշանակում է, որ մեր ուշադրությունը թե՛ առողջ ապրելակերպին, թե՛ ռիսկի ֆակտորների նվազեցմանը, թե՛ կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը շատ ավելի կարեւոր է դառնում, որպեսզի առողջապահությունը մշտապես աճող ֆինանսական կարիքների շրջանակներում կարողանա բավարարելն մեր ժողովրդի անընդհատ ավելացող առողջապահական կարիքներն ու ակնկալիքները»:

Նախարարի խոսքով՝ առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ արհեստական բանականությունը անքակտելի մաս է դառնում: «Մենք տեսնում ենք, որ սա նաեւ որոշակի մտահոգություններ է առաջ բերում բժիշկների, պացիենտների շրջանում, մարդկանց իրավունքների, էթիկայիօ հետ կապված հարցերում: Մենք այս հարցերին պետք է լուծում տանք. Ի վերջո, արհեստական բանականությունը, ռոբոտիքսի լուծումներն ինչ դեր են ունենում այսօր եւ վաղը հիվանդությունների բուժման շրջանակներում: Ես հույս ունեմ, որ դրանք օգնելու են մեր բժիշկներին, լրացնելու են եղած բացերը, նաեւ չեն փոխարինելու բժիշկներին»,-ասաց Ավանեսյանը:

Նա նկատեց, որ Հայաստանը հայ բժիշկների շատ մեծ ցանց ունի աշխարհում եւ պետք է լրջորեն օգտագործի այդ ցանցը՝ Հայաստանը դարձնելով հետաքրքիր նաեւ կլինիկական փորձարկումների համար. «Չի կարող լինել զարգացում օնկոլոգիական հիվանդությունների բուժման մեջ, եթե մենք չզարգացնենք Հայաստանում կլինիկական փորձարկումների դաշտը: Մենք վարչական որոշակի փոփոխություններ ենք արել, որ դրանք լինեն հեշտացված, խիստ կարգավորված, նաեւ հրապուրիչ»:

Նշենք, որ այսօր Ջերմուկում մեկնարկել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը: 2024 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»:

  • Կիսվել: