երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեք նոր բաժանմունք և մանկական սրահ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Երեք նոր բաժանմունք և մանկական սրահ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

«Ուռուցքաբանության ոլորտը Հայաստանում շատ արագ տեմպերով ու մեծ քայլերով է զարգանում։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս նոր ծառայությունների ներդրմամբ կարող ենք վստահաբար ասել՝ աշխարհի ուռուցքաբանական լավագույն կլինիկաների հետ այսօր համահունչ ենք քայլում»,- ներկա գտնվելով ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բաժանմունքների բացմանը` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ նախարարը շրջել է նորաբաց բաժանմունքներում, ծանոթացել պայմաններին ու բուժսարքավորումների հագեցվածությանը։

Էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունքը գործելու է ամբողջական հագեցվածությամբ` վիրահատարաններ, 10 մահճակալ։ Անոթային ու էնդովասկուլյար վիրաբուժության նորաբաց բաժանմունքում բուժծառայություններ են մատուցվելու ոչ միայն քաղցկեղ ունեցող պացիենտներին։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսուհետ արվելու է նաև ՄՌՏ հետազոտություն։

Նախարարը ներկա է գտնվել մագնիսա֊ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության համար կառուցված մասնաշենքի բացմանը։ ՈւԱԿ շրջայցի ժամանակ Անահիտ Ավանեսյանը եղել է նաև նորաբաց մանկական սրահում, որտեղ երեխաները հոգեբանի ուղեկցությամբ, առողջ մթնոլորտում սպասում են այս կենտրոն բուժման կամ հետազոտության եկած իրենց ծնողներին։

 

  • Կիսվել: