շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայում զոհվել է 31 հայ, նրանցից 7-ը զինվորական են, 24-ը՝ խաղաղ բնակիչ. հայերի միության փոխնախագահ

Ուկրաինայում զոհվել է 31 հայ, նրանցից 7-ը զինվորական են, 24-ը՝ խաղաղ բնակիչ. հայերի միության փոխնախագահ

Ուկրաինայում դեռևս շարունակվում է պատերազմական ծանր վիճակը, դրան զուգահեռ այսօր Ուկրաինայում վառելիքի ճգնաժամ կա, որը խնդիրներ է ստեղծում տնտեսության համար: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

«Ծանր մարտեր են տեղի ունենում Դոնբասի և Լուգանսկի, Դոնեցկի ուղղությամբ, հարավում էլ՝ Խերսոնում և Զապորոժիեում: Ռուսաստանը ծանր տեխնիկա է օգտագործում Ուկրաինայի դեմ: Այսօր Լուգանսկի մարզպետը հայտարարեց, որ Սևերոդոնեցկից ուկրաինական զորքերը տեղահանվեն: Մարզպետի խոսքով՝ քաղաքը 90 տոկոսով ավերված է, և վերականգնելու համար պիտի նախ այնտեղ մնացած փլատակներից ազատվել, ինչն այս պահին անհնար է»,- նշել է Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի ավարտը չի երևում, պատերազմը դեռ երկար է տևելու, բայց մարդիկ սպասում են, որ ժամ առաջ այս ամենը վերջանա:

Դավիթ Մկրտչյանի փոխանցմամբ՝ Ուկրաինայում զոհվել է 31 հայ, նրանցից 7-ը զինվորական են, 24-ը՝ խաղաղ բնակիչ, իսկ վիրավորների ստույգ թիվ դեռ չկա։

«Երեկ Սևերոդոնեցկի պաշտպանության ընթացքում մեր հայ տղան զոհվեց, Կրամատորսկ քաղաքից էր»,- հայտնեց Մկրտչյանը:

 

«Մեր հայրենակիցները դիմում են տեղափոխման խնդրով, փաստաթղթերի կարգավորման հարցերով, հումանիտար օգնության համար: Պատերազմի առաջին օրից սկսած հայ համայնքն իր առաքելությունն է իրականացնում՝ օգնելով կարիքավորներին, տեղահանված, ժամանակավոր փախստականներին, ովքեր չեն լքել Ուկրաինան և գնացել դեպի Եվրոպա, դեպի Հայաստան։ Ստանում ենք հումանիտար օգնություններ և դրանք հասցնում իրենց հասցեատերերին՝ մեծ ընտանիքներին, չունևորներին, ծերերին։

Մենք չենք բացառում, որ կարող է լինել պատերազմի 2-րդ փուլ, փորձում ենք դրան պատրաստվել, իսկ թե ինչքանով դա կստացվի մեզ մոտ, դա ժամանակը ցույց կտա, բայց փորձում ենք բոլոր սցենարներին պատրաստ լինել:

Հայերի միությունը պատերազմի առաջին իսկ օրից ոնց աշխատել է, հիմա էլ շարունակում է նույն կերպ, որպեսզի բավարարվեն մեր հայրենակիցների խնդիրները»,- եզրափակեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

  • Կիսվել: