շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը գնաճի չի հանգեցնի․ էկոնոմիկայի նախարար

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը գնաճի չի հանգեցնի․ էկոնոմիկայի նախարար

Լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ թուրքական ապրանքների ներմուծման արգելքին։

«Նախ, գիտեք, որ ոչ բոլոր ապրանքների ներմուծումն է հունվարից սահմանափակվելու, այլ վերջնական սպառման ապրանքների։ Այն կազմակերպությունները, որոնք իրենց արտադրությունները կազմակերպելու ընթացքում որոշ չափով օգտագործում են նաև թուրքական ծագման ապրանքներ, հնարավորություն կունենան ավելի երկար ժամանակահատված դիտարկել՝ շարունակելով ներկրել և իրենց արտադրության բնականոն ընթացքը չխաթարել։ Իսկ վերջնական սպառման ապրանքների համար մենք առանձին վերցված նշել ենք, որ դեպքեր կան, որ դրանք հարևան Իրանն է, դեպքեր կան, որ եվրոպական երկրներն են կամ ԵԱՏՄ անդամ երկրները, այդտեղից կարող են ներկրել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր ձեռնարկատերերը, այդ բիզնեսում լինելով բավական երկար ժամանակ, իրենք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են դրանց այլընտրանքային շուկաները»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի որոշման մասին հայտարարվել է մի քանի շաբաթ առաջ։ «Եվ այս  ընթացքում չի եղել որևէ դեպք, որ որևէ ձեռնարակատեր դիմի մեզ, ասի՝ ես այս ապրանքատեսակը, որ ներկրում էի Թուրքիայից, հունվարի մեկից էլ չեմ կարողանում ներկրել, խորհուրդ տվեք, տեսնենք որտեղից ներկրենք։ Նշանակում է՝ իրենք գիտեն, բայց մենք նաև ասել ենք, որ եթե կլինեն փոքր բիզնեսներ, որոնք այդ հարցում խորհրդատվության կարիք կունենան, ապա մենք նշանակել ենք համապատասխան մասնագետների խումբ, ովքեր կլսեն, կօգնեն, որ գտնվեն համապատասխան տեղեկություններ և կնպաստեն, որ այդ բիզնեսները վերակառուցելու ընթացքում մարդիկ առնչվեն հնարավորինս քիչ խնդիրների»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ գնաճ չի կարող լինել, որովհետև գնահատականները վկայում են, որ վերջնական սպառման ապրանքները, որոնք ներմուծվում էին Թուրքիայից առ այսօր, տարեկան 50 մլն դոլարը չէին գերազանցում։

  • Կիսվել: