չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրք գրողը խաղաղության կոչ է արել

Թուրք գրողը խաղաղության կոչ է արել

Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Twitter միկրոբլոգում խաղաղության կոչով գրառում է արել։ Շաֆաքն իր էջում տեղադրել է բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարման տեսագրությունը: Ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի՝ Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում օրերս նա նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը լայնորեն տարածվել էր համացանցում։

Շաֆաքը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ տեսանյութը հրապարակելու համար, և կից արել հետևյալ գրառումը․

«Այս գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանը և չեն հրաժարվում խաղաղությունը պաշտպանելուց։ Արվեստ ավերակների մեջ․․․ Շնորհակալություն Կարո Փայլան, որ կիսվել եք»։

Նշենք, որ Էլիֆ Շաֆաքի այս գրառումը բացասական արձագանք է գտել թուրք և ադրբեջանցի օգտատերերի շրջանում։ Նրանք Շաֆաքի հասցեին անպարկեշտ և սպառնալից գրառումներ են արել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի բազմաթիվ գրախանութներում դադարեցվել է Շաֆաքի գրքերի վաճառքը։ 

Ermenihaber-ը նկատել է, որ ով կողմ է արտահայտվում խաղաղությանը, թուրք-ադրբեջանական հասարակությունում միանգամից ընկալվում է իբրև հայերի կողմնակից և ազգի դավաճան։ Էլիֆ Շաֆաքի՝ խաղաղությանը միտված չեզոք գրառումը թուրքական լրատվամիջոցները մեկնաբանեցին որպես աջակցություն Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի։

  • Կիսվել: