Ծաղկաձորում՝ Հանքարդյունաբերական միջազգային ֆորում 2025-ի շրջանակներում բացվեց Հայաստանի հանքարդյունաբերության պատմությանը նվիրված ցուցահանդես
Ծաղկաձորում՝ Հանքարդյունաբերական միջազգային ֆորում 2025-ի շրջանակներում բացվեց Հայաստանի հանքարդյունաբերության պատմությանը նվիրված ցուցահանդես։
Ինչպես InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ազգային արխիվի աշխատակից Մարինա Տոնոյանը՝ Հայաստանում հանքարդյունաբերության ավանդույթները հազարամյակների պատմություն ունեն, բայց ժամանակակից հանքարդյունաբերական մոդելի ձեռնարկություններ սկսել են ձևավորվել 17-րդ դարից։ Հետագայում հայ հանքարդյունաբերողները, հանդիպելով ֆինանսական դժվարությունների, վաճառել են հանքերը ֆրանսիացի ձեռնարկատերերին՝ խոսքը Հայաստանի հնագույն հանքավայրերի՝ Ալավերդու, Շամլուխի և Ախթալայի հանքերի մասին է։ Հետագայում՝ Սովետական կարգերի հաստատումից հետո հանքերը ազգայինացվել են։
Սակայն մեզ են հասել հանքերի քարտեզները, ֆրանսիական ընկերության կանոնադրությունը, աշխատանքային գրանցամատյանները, որտեղ գրառումներ կան հանքերում դժբախտ դեպքերի, պատահարների մասին, աշխատողների տարիքային և սեռական կազմի մասին վիճակագրություն։ Հատկանշական է, որ խորհրդայինացումից առաջ Հայաստանի հանքերում կարող էին աշխատել նույնիսկ երեխաները՝ 8 տարեկանից սկսած։ Իսկ խորհրդայինացումից հետո Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ արգելեց երեխաների աշխատանքը հանքերում։ Ըստ խորհրդային Հայաստանի օրենսդրության՝ հանքերում կարելի էր աշխատել միայն 16 տարեկանից, իսկ համընդհանուր աշխատանքային իրավունքը սկսվում էր 14 տարեկանից։
Տոնոյանը պատմեց նաև, որ Առաջին հանրապետության օրոք նրա ղեկավարները փորձել են ներդրողներ գտնել նաև Զանգեզուրի հանքավայրերի համար, նույնիսկ Համո Օհանջանյանի հանձնարարությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գարո Արմենը փորձում էր Հայաստան բերել ամերիկացի հանքարդյունաբերողների, սակայն բանակցությունները մնացին անավարտ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու համատեքստում։



