ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Եվրոպայի՝ պաշտպանության հարցում ԱՄՆ-ից ունեցած չափազանց մեծ կախվածության մասին
Եվրոպան սեփական պաշտպանության ապահովման հարցում չափազանց մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից. այս իրավիճակը չի կարող պահպանվել։ Այս մասին Բրյուսելում կայացած Euronews-ի համաժողովում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նա, մասնավորապես, ասել է. «Պաշտպանության հարցում լիովին և չափազանց կախվածություն ունենք մի երկրից, որը գտնվում է այդքան հեռու և ունի 340 միլիոն բնակչություն… Սա անկայուն վիճակ է»:
Ըստ Ռյուտեի՝ այլևս կենսունակ չէ ՆԱՏՕ-ի նախկին մոդելը, որի պարագայում Միացյալ Նահանգները չափազանց մեծ պատասխանատվություն են կրում շուրջ 600 միլիոն եվրոպացիների պաշտպանության համար։
Նա նաև հավելել է, որ եվրոպացիների՝ պաշտպանությանը միտված ծախսերի ավելացումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը հեռանում է Եվրոպայից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնը կշարունակի մասնակցել եվրոպացիների անվտանգության ապահովմանը ոչ միայն միջուկային զսպման միջոցով, այլև սովորական ռազմական ուժերի ներգրավմամբ:



