Ծաղկաձորի քաղաքապետը կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին ծաղիկներ է նվիրել
Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ծաղկաձորի քաղաքապետը Մարտի 8-ին ծաղիկներով բարձրացել է «Գոլդեն փելես» և կանանց և աղջիկների տոնն է շնորհավորել: Որևէ արտառոց բան չունենք»,-ասաց մարզպետն ու հորդորեց բոլորին այցելել Ծաղկաձոր:
Ըստ մարզպետի՝ զբոսաշրջիկները բավականաչափ շատ են՝ այս շաբաթվա աշխատանքային օրվա դրությամբ, արևային ջերմ եղանակ է, ձյուն ևս կա։
«Առաջին օրը մի փոքր խուճապային տրամադրություն ունեցանք, սակայն հետո, երբ վարչապետի, մեր մյուս գործընկերների հետ այցելեցինք, խուճապը լիարժեքորեն կասեցվեց, չեզոքացվեց»,-ասաց Պետրոսյանն ու վստահեցրեց՝ այս պահին Ծաղկաձորը բնականոն կյանքով է ապրում :
Նա նաև հայտնեց, որ Ծաղկաձորում շրջել է երեկ երեկոյան, և իր տեղեկություններով Կանանց տոնի օրերին հյուրանոցներում բավականին շատ ամրագրումներ են եղել: