կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ

Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ԱՅՍ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
 
Tour of Armenia 2026-ը մի քանի օր շարունակ համախմբել է տարբեր երկրներից ժամանած 16 թիմերի՝ Հայաստանը դարձնելով միջազգային հեծանվային սպորտի մրցակցային հարթակ։
Պարգևատրման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք, մարզիկներ և հյուրեր։
 
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պարգևատրվել են տարբեր անվանակարգերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներն ու թիմերը։ Գլխավոր հաղթողին մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետը, մյուս անվանակարգերում հաղթողներին մրցանակներ են հանձնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետն ու ոլորտի ներկայացուցիչներ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մրցանակ է հանձնել մրցաշարի լավագույն թիմ ճանաչված Չեխիան ներկայացնող «ATT Investments»-ին։
 
Մրցաշարի ընթացքում ՆԳՆ ոստիկանության հենասյունային բոլոր ծառայությունները ապահովել են միջոցառման անվտանգությունն ու հասարակական կարգը։
Հայաստանը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով աշխարհի ամենաապահով երկրների շարքում է։
 
«Նման միջազգային խոշոր միջոցառումների անվտանգ անցկացումը ևս մեկ անգամ փաստում է այդ գնահատականը՝ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։
Միջոցառման ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: