Տիկի՛ն Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա
Այսօր Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում հայտարարել էր, որ հանրակրթական դպրոցները քաղաքականացված են։
Մասնավորապես, նշել էր, որ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմում երկու տարվա ընթացքում ներառվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ:
Պատգամավորի հայտարարությանը արձագանքեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Տիկի՛ն Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, որովհետև եթե ամբողջական եք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ այդ գործունեության արդյունքում ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել, այնինչ հարյուրավոր մրցույթներ են տեղի ունեցել»,- հայտարարեց նախարարը։
Ըստ նախարարի՝ ծնողական ու մանկավարժական խորհուրդների դերի մեծացում է լինելու և, ըստ էության, այն բոլոր մարդիկ, որոնք նշանակվելու են լիազոր մարմնի կողմից, համայնքներից կամ մարզպետարաններից զրո ազդեցություն են ունենալու այդ խորհուրդներում:
«Երբ այս ամբողջականի մեջ նայում եք, պետք է ալիքը փոխել, բայց ես ցավում եմ, որ Ձեզ մոտ ալիքը փոխել չի լինում և մնացել եք հին ալիքի վրա, կարծես՝ հիմա խոսում եք Տարոն Մարգարյանի` որպես քաղաքապետի հետ: Մի՛ արեք այդպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ կառուցողական առաջարկներ անեք ու եթե քաղաքականացվածությունից եք խոսում։ Մի արեք այսպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ դուք կառուցողական առաջարկներ անեք մեզ։ Եթե քաղաքականացվածությունից եք խոսում, Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեք ձեր ներկայացուցչին, որը իմ կողմից շատ հարգված մարդ է՝ Քրիստ Մարուքյանը։ Ես շատ ցավում եմ, որ ինքը ցանկանում է դիմում գրել, դուրս գալ, որովհետև նա այնտեղ շատ կարևոր դեր է կատարում»,- ասաց Արայիկ Հարությունյանը: