Թեհրանի քաղաքապետի ներկայությամբ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ նահատակի անունով
Հունվարի 5-ին, Թեհրանի քաղաքապետի ներկայությամբ, Թեհրանի 6-րդ շրջանում գտնվող փողոցներից մեկը անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտչյանի անունով, գրում է parstoday.com-ը:
Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության հայերեն ռադիոժամի թղթակցի տեղեկացմամբ, միջոցառմանը ներկա էին իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը, Թեհրանի ազգային առաջնորդարանի թեմական խորհրդի ներկայացուցիչներ, Թեհարնի քաղաքապետն ու քաղաքապետարանի մի շարք պաշտոնատարներ, նահատակների հիմնադրամի պաշտոնատարներ և մի խումբ քաղաքացիներ:
Շնորհավորելով Ամանորի և Քրիստոսի ծննդյան կապակցությամբ, Թեհրանի քաղաքապետ դկտ. Հանաչին նշել է, որ փողոցների անունները նահատակների, հատկապես փոքրամասնությունների, այդ թվում հայ նահատակների անունով կոչելը լավ հնարավորություն է՝ Իրան Իրաք պատերազմի սրբազան պաշտպանության արժեքները վառ պահելու համար:
Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Թուրաջ Ֆարհադին ասել է. «Նոր տարուց շուրջ մեկ ամիս առաջ, թաղամասում աշխատանքներ էին տարվում հայերի համար ամանորի տրամադրություն ստեղծելու ուղղությամբ»:
Թեհրանի Միրզայե Շիրազի և Սանայի փողոցները իրար կապող 19-րդ փողոցը կոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտչյանի անունով:



