երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճգնաժամային կառավարման ակադեմիայի գործունեության վերափոխման առումով մեծածավալ աշխատանքներ են սպասվում. Սարգսյան

Ճգնաժամային կառավարման ակադեմիայի գործունեության վերափոխման առումով մեծածավալ աշխատանքներ են սպասվում. Սարգսյան

Հունվարի 26-ին կայացել է ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։

Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Ակադեմիայի 2023 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, ֆինանսական հաշվետվությունն ու առաջիկա ծրագրերը։

Ներքին գործերի նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը կարևորել է ներքին անվտանգության ոլորտում կարևոր ուղղությունները սպասարկող մասնագետների կայացման հարցում Ակադեմիայի դերն ու նշանակությունը։

Արփինե Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ՝ Ակադեմիան նախորդ տարվա ընթացքում տեղափոխվել է ՆԳՆ ենթակայության ներքո և փաստել, որ տեղափոխման հանգամանքն ինքնին ենթադրել է Ակադեմիայի գործունեության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն՝ ենթակառուցվածքից մինչև կրթության բովանդակություն, կառավարումից մինչև դասախոսական անձնակազմի ներգրավում, ծառայողների պատրաստումից, վերապատրաստումից մինչև դասախոսական անձնակազմի վերապատրաստում։

Արձանագրվել է, որ նախորդ տարում Ակադեմիայի գործունեության մեջ արդեն իսկ որոշ փոփոխություններ նկատելի են։ Խորհուրդն արժևորել է նորարական տեխնոլոգիաների ներդրման և գիտահետազոտական լաբորատորիայի զարգացման աշխատանքները, միջազգային և տեղական գործընկերների հետ ակտիվ համագործակցության դրական պատկերը, լայնամասշտաբ հրամանատարաշտաբային վարժանքին Ակադեմիայի ներգրավվածությունը։

Արձանագրված դրական քայլերին զուգահեռ՝ ՆԳ փոխնախարարն ընդգծել է, որ 2024 թվականին Ակադեմիայի գործունեության վերափոխման առումով մեծածավալ աշխատանքներ են սպասվում, որոնք կայուն հիմք կապահովեն Ակադեմիայի գործունեության որակական նոր փուլի համար։

  • Կիսվել: