կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամիսը

Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամիսը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել վերջիններիս պատրաստվածության աստիճանի բարձրացմանը և հանրային իրազեկմանն ուղղած մի շարք միջոցառումներ:
Հունիսի 21-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անց է կացվել «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժությանը մասնակցել են ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի ոստիկանության բաժնի խումբը, պարեկային ծառայության 1 հաշվարկ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի Դիլիջանի տեղամասի վթարավերականգնողական, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման Դիլիջանի մասնաճյուղի վթարավերականգնողական, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Հարավ» ՇՏ «Դիլիջան» տեղամասի վթարավերականգնողական և Դիլիջանի բժշկական կենտրոնի շտապօգնության խմբերը:
Նմանատիպ ուսումնավարժանքները նպատակ են հետապնդում․
• կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում,
• կատարելագործել փոխհամագործակցությունը արձագանքող ուժերի միջև։
Ուսումնավարժության ընթացքում ծավալվեցին որոնողափրկարարական, վթարավերականգնողական, հրդեհաշիջման, տուժածների հայտնաբերման, դուրսբերման և օգնություն ցուցաբերման աշխատանքներ։
Ավարտին տեղի ունեցավ արդյունքների անփոփում, ուսուցանվողների գործողությունների գնահատում. մատնանշվեցին ուժեղ և թույլ կողմերը, տրվեցին հանձնարարականներ դրանց վերացման ուղղությամբ։
Ամսվա ընթացքում Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկի կողմից հունիսի 18-ին Բերդ համայնքի «Տավուշ տեքստիլ» գործարանի մասնաճյուղում անց է կացվել նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը արտադրական օբյեկտներում» թեմայով:
Հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվեցին`
• բացազատում, հետախուզություն, իրավիճակի գնահատում,
• փրկարարական աշխատանքներ,
• հրդեհաշիջում:
Քանի որ սողանքը տարածաշրջանին սպառնացող բնական աղետներից մեկն է, մեծ ուշադրություն է դարձվել նաև տվյալ թեմային նվիրված կանխարգելիչ, շահագրգիռ ստորաբաժանումների հմտություններն ու ունակությունները զարգացնող միջոցառումներին, ինչպես նաև գործողությունների ստանդարտ ընթացակարգով սահմանված գործողությունների պլանի իրատեսականությանը։ Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից անցկացված «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքների ակտիվացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը:
Մասնակցություն է ցուցաբերվել նաև ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից անցկացվող «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով գործնական պարապմունքին։
Բացի այդ հունիս ամսվա ընթացքում բնակչության պաշտպանությունը, պատրաստվածությունը ապահովելու և բարձրացնելու, արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնները ուսուցանելու նպատակով Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար, Մովսես, Չինչին, Վերին Կարմիրաղբյուր և Վարագավան բնակավայրերում անց են կացվել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ:
Տավուշի մարզպետարանում նաև մարզի ՔՊ ծառայությունների շտաբի պետերի մասնակցությամբ տեղի են ունեցել հրամանատարական պատրաստությանը նպատակաուղղված դասախոսություն-քննարկումներ «Բնակչության պատսպարման կարգը», «ՔՊ կառույցների տեսակները, դերը և նշանակությունը» և «ՀՀ Տավուշի մարզի ՔՊ համակարգը» թեմաներով։
Ինչպես նաև ՄՓՎ ստորաբաժանումների կողմից մարզի բնակավայրերում, հանգստյան գոտիներում և մարդաշատ վայրերում իրականացվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելմանը, և փակցվել են թվով 45 հուշաթերթեր:

  • Կիսվել: