հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տարոն Սիմոնյանն ասել է, թե ինչով է զբաղվելու Ազգային ժողովից հեռանալուց հետո

Տարոն Սիմոնյանն ասել է, թե ինչով է զբաղվելու Ազգային ժողովից հեռանալուց հետո

Աժ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մի քանի օրից դադարում են ՀՀ ԱԺ պատգամավորի, այդ հիմքով նաև Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի՝ Տնտեսական և իրավական մոտարկման հանձնաժողովի համանախագահի և այլ միջազգային կառույցներում ներկայացուցչական լիազորություններս։

Հուսով եմ չեմ հիասթափեցրել ձեզ և կարողացել եմ պատվով կատարել իմ աշխատանքը։

  • 2,5 տարիների ընթացքում ունեցած 108 ելույթներիս մեջ փորձել եմ օգտագործել այնպիսի առաջարկություններ, բառապաշար ու մտքեր, որոնք կարող էին միայն օգուտ բերել ՀՀ քաղաքացուն, հայ մարդուն, հայ ազգին, Արցախի և Հայաստանի Հանրապետություններին։
  • 2,5 տարիների ընթացքում մշակած և զեկուցած 27 օրենսդրական նախաձեռնություններով փորձել եմ նպաստել Հայաստանում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, զինված ուժերի աշխատանքի որակի բարձրացմանը և պետականության ամրապնդմանը։
  • 2,5 տարիների ընթացքում փորձել եմ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շահերը ներկայացնել և պաշտպանել տարբեր երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, ԱՄԷ, Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Դանիա, Էստոնիա, Լատվիա, Իռլանդիա, Վրաստան և այլն) և միջազգային կազմակերպություններում (Եվրանեսթ, ԵԱՀԿ)։

Եվրոնեսթ ԽՎ֊ում ընդունված և իմ առաջարկած ու համահեղինակած բանաձևով (Կրթության և տնտեսության սիներիգիան) փորձել եմ նաև օգտակար լինել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների բնակչության համար։

Թե որքանով են արդյունավետ եղել իմ ջանքերը, թողնում եմ ձեր ու ժամանակի դատին։

Ափսոսում եմ, որ հնարավորություն չունեցա այս բարձրագույն հանրային պաշտոնի միջոցով ամբողջությամբ կենսագործել այն, ինչ նախատեսել էի՝ ազգային առաքելության գիտակցման, առաքինի անհատի որակների տարածման, ազգային ու պետական շահերի պաշտպանության, արդյունավետ պետական կառավարում ներդնելու և քաղաքական մշակույթն առողջացնելու գործում։

Այնուամենայնիվ, չեմ դադարելու նվիրյալը լինել այս գաղափարների, սակայն, այժմ արդեն ոչ որպես հանրային պաշտոնատար անձ, քանի որ, իմ խորին համոզմամբ, այն, ինչ Հայաստանում անվանում ենք «քաղաքականություն», այժմ դարձել է ոչ թե հնարավորություն, այլ խոչընդոտ՝ այս խնդիրների լուծման համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ընկերներիս, բարեկամներս, հարազատներիս, Լուսավոր Հայաստանի իմ գործընկերներին, Լոռու մարզի բնակիչներին ու ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր վստահել, նպաստել և աջակցել են ինձ ՀՀ ԱԺ պատգամավորի պարտավորությունները ստանձնելու ու կատարելու գործում։

Դադարելով լինել պատգամավոր՝ դադարում են նաև Լուսավոր Հայաստան խմբակցության անդամի լիազորություններս, և այսուհետ իմ բոլոր ելույթները, խոսքերը, գրառումները կարելի է և պետք է վերագրել միայն ինձ։

Շարունակելու եմ՝

  • զբաղվել գիտակրթական գործունեությամբ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և այլ գիտաուսումնական հաստատություններում,
  • փաստաբանական, ներդրումների պաշտպանության և իրավապաշտպան այլ գործունեությամբ դեռևս տաս տարի առաջ իմ կողմից հիմնադրված ELL Partnership իրավաբանական գրասենյակում ( https://www.facebook.com/ELL.LawFirm , www.ell.am ),
  • ինչպես նաև ազգային և պետական շահերի պաշտպանության, քաղաքակրթական հասունացման, ազգային առաքելության գիտակցման, առաքինության տարածման ու ընդհանրապես՝ առաջընթացի համար անհրաժեշտ գաղափարախոսական և այլ աշխատանքներով (#ԱՐԲԱՆԷ

Ավելի մանրամասն առաջիկայում՝ հերթով֊կարգով։

  • Կիսվել: