շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տարակուսելի ինքնախոստովանություն. Անի Սամսոնյան

Տարակուսելի ինքնախոստովանություն. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում ՛՛Տարակուսելի ինքնախոստովանություն՛՛ վերտառությամբ գրառում է արել, որտեղ նշել է, որ ՛՛իշխանության պատգամավորները գանգատվել են այն փաստից, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով՛՛:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր իմացա, որ իշխանության պատգամավորները գանգատվել են այն փաստից, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով: Մասնավորապես նրանք նշել են, որ սխալ է համավարակի ԸՆԹԱՑՔՈւՄ նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Ուզում եմ մեր գործընկերներին հիշեցնել, որ հանձնաժողովն իր աշխատանքները կարող է սկսել միայն սեպտեմբերին:

Եթե դուք համոզված եք, որ սեպտեմբերին համավարակի ճգնաժամը հաղթահարված չի լինելու, ապա մենք դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն, որ դուք ունակ չեք հաղթահարելու ճգնաժամը ո´չ հիմա, ո´չ էլ առաջիկայում՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։

 

  • Կիսվել: