«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում նախարար Անդրեասյանն այցելել է Իսահակյանի տուն-թանգարան
Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է եղել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ Ավիկ Իսահակյանը, ինչպես նաև իսահակյանական արվեստի բազմաթիվ երկրպագուներ։
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ՝ Իսահակյանը ներկայացվում է արդի ընկալումների շրջանակում ոչ միայն որպես գրող, այլև հասարակական գործիչ, որը ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխություններին։
Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և անհատ բարերարի աջակցությամբ: Թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է ցուցադրության հայեցակարգը և նոր ցուցանմուշները:
Թանգարանում շրջայց են իրականացրել նաև Հայ-հունական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված իմացությամբ» ֆակուլտետում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողները, որոնք ուսումնական պրակտիկա են անցնում թանգարանում:
Միջոցառման շրջանակում թանգարանի հուշային այգում իրականացվել է ինստալյացիոն ծրագիր՝ «Հնար» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: