հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«STARMUS VI» փառատոնի շրջանակում ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխին

«STARMUS VI» փառատոնի շրջանակում ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխին

«STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ): Քըրթ Վյութրիխը հանդես կգա դասախոսությամբ, որին կհաջորդի հարց ու պատասխան:

Քըրթ Վյութրիխը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Շվեյցարիայի Աարբերգ համայնքում: Հիմնական կրթությունը ստացել է Բեռնի համալսարանում՝ մասնագիտանալով քիմիայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում։

Նա իր գիտական հետազոտությունները կատարել է աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում:

Քըրթ Վյութրիխը հայտնի է գիտական ​​շրջանակներում «խելագար կովի հիվանդություն» սարսափելի հիվանդության առաջացման համար պատասխանատու պրիոնների ուսումնասիրություններով: Պրիոնները մահացու են ոչ միայն անասունների, այլև մարդկանց համար։

 
 

Նա մշակել է միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կենսաբանական մակրոմոլեկուլների տարածական կառուցվածքը:  Այս հետազոտության համար 2002 թվականին Քըրթ Վյութրիխն արժանացել է Նոբելյան մրցանակի:

  • Կիսվել: