շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սպառնալիքի առջև չկա այլ ընտրություն, քան՝ համախմբվել, համախմբվել հանուն հաղթանակի․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Սպառնալիքի առջև չկա այլ ընտրություն, քան՝ համախմբվել, համախմբվել հանուն հաղթանակի․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է․ 

«Վերջին շաբաթներին մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ի թիվս այլ իրողությունների, վերաբացահայտվեցին կարևորագույն երկուսը․ առաջին՝ Հայոց բանակի և ժողովրդի անպարտելի հերոսական ոգին և երկրորդ՝ Հայաստանի, ինչպես և տարածաշրջանի անվտանգության համատեքստում Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը:

Ստեղծված կացության մեջ կենսականորեն անհրաժեշտ է առավելագույնս շուտ հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, մարդկային թանկ՝ նոր կորուստների կանխմանը և Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության պահպանմանը:

Այս պահին կենսականորեն անհրաժեշտ է պատերազմում հերոսաբար մարտնչող հայ զինվորին անվերապահորեն աջակցել առաջին հերթին ներքին համերաշխությամբ ու միաբանությամբ՝ քաջությունը համադրելով բանականության հետ: Ի շարս այլ գործողությունների՝ պետք է իրականացնել և կամ զերծ մնալ հետևյալ քայլերից՝

ա. հրաժարվել ներքին կյանքում թալանողների և թալանվածների, հեղափոխականների և հակահեղափոխականների դասակարգեր ձևավորելու անիմաստ ու կործանարար գործելաոճից, երբևէ տեղ գտած սխալների համար պատասխանատուներ գտնելու և հայտարարելու աղետաբեր քայլերից:

բ. բոլոր հնարավոր միջոցները ներդնել ավելացնելու համար ՀՀ և ՌԴ հարաբերություններում փոխվստահության պաշարները՝ նվազագույնը՝ վերացնել փոխվստահությանը արգելակող խոչընդոտները, հատկապես՝ զերծ մնալ հակառուսական հրապարակային դիրքորոշումների ու տեսակետների արտահայտումից:

գ. իշխանությունները պարտավոր են համախմբել Հայրենիքի և Սփյուռքի բոլոր ուժերին, օգտագործելով ինչպես իշխանամետ, այնպես և ընդիմադիր դաշտի բոլոր ուժերի ռեսուրսները՝ առանց քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելության, սոցիալական կարգավիճակի և որևէ այլ հատկանիշի տարբերակման:

դ. իշխանություններին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը` անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից և անկախ ունեցած ֆորմալ պատասխանատվությունից, առանց հրավերի սպասելու, պարտավոր են հասանելի բոլոր միջոցներով աջակցել և մասնակցել պատերազմի հաջող ելքին։

ե. պետք է զերծ մնալ հատկապես վիրտուալ արկածախնդրություններից և հրապարակային հարթակներում պաթետիկ հռետորաբանությամբ կեղծ ոգևորություն ցուցադրելու գայթակղությունից, առավել ևս՝ հուսահատության և խուճապային տրամադրություններ ստեղծելու փորձությունից:

Անհրաժեշտ է գիտակցել, որ սպառնալիքը ուղղված է մեզ թե՛ իբրև հավաքականություն, թե՛ իբրև անհատ՝ առանց որևէ տարբերակման։ Սպառնալիքի առջև չկա այլ ընտրություն, քան՝ համախմբվել, համախմբվել հանուն հաղթանակի և հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգության:

Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. «Եւ խաղաղութեան Աստուած թող խորտակի Սատանային մեր ոտքերի տակ» (Հռոմ. 16. 20)

Աստված մեր ժողովրդի հետ. ամեն»

  • Կիսվել: