Գուտերեշն ահազանգում է՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ահազանգում է՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը դառնում է անվերահսկելի:
Ըստ EFE գործակալության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Մենք գտնվում ենք մի իրավիճակի շեմին, ինչն ավելի վաղ աներևակայելի էր թվում»:
Գուտերեշը կրկին կոչ է արել կարգավորմանը հասնել դիվանագիտության, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով:
Նրա խոսքերը հնչել են Մերձավոր Արևելքում լարվածության աճի, մասնավորապես՝ եմենցի հութիների գործողությունների ակտիվացման հետնապատկերին:
Հիշեցնենք, որ այս շաբաթ հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ ի պատասխան Եմենի նավահանգիստների շրջափակման և Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման: Երեքշաբթի հութիները հայտնել են, որ իրենց հայտարարած ծովային շրջափակումը տարածվում է ոչ միայն թագավորության հետ կապված նավերի, այլև դեպի սաուդյան նավահանգիստներ և այնտեղից ընթացող ամբողջ ծովային տրանսպորտի վրա:
Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ն արագացված կարգով զորքեր, բուժանձնակազմ և սպառազինություն է տեղափոխում Մերձավոր Արևելք, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրի ավելի հզոր ռազմական կարողություններ՝ Իրանի հետ հակամարտության ընդլայնման դեպքում:



