երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը. համագործակցության նոր սկիզբ՝ տեխնոլոգիական նորարարության ոլորտում

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը. համագործակցության նոր սկիզբ՝ տեխնոլոգիական նորարարության ոլորտում

Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը Սոֆիայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։
 
Բացման խոսքով հանդես են եկել միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Բուլղարիայի փոխվարչապետ, նորարարությունների և աճի նախարար Տոմիսլավ Դոնչևը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
 
Այնուհետև կայացել է տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության՝ միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստի արձանագրության ստորագրումը, որից հետո երկու երկրների համանախագահների կողմից վավերացվել է փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ։
 
Հուշագիրը նախատեսում է համագործակցության խորացում մի շարք ռազմավարական ուղղություններով՝ արհեստական բանականություն, տիեզերական հետազոտություններ, թվային առողջապահություն և կենսատեխնոլոգիաներ, ՏՏ մասնագետների փոխանակում և ստարտափ էկոհամակարգի զարգացում։
 
Կողմերը հուշագրով հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու նորարարությանը, նպաստելու թվային և կանաչ անցմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և գիտական հետազոտությունների կիրառական արդյունքների իրականացմանը։

  • Կիսվել: