երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2020
Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագծի մասին

Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագծի մասին

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․
«Շրջակա միջավայրի նախարարության միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է, որևէ այլ նպատակ նախարարությունը չի հետապնդում։

 

Առաջարկվող փոփոխությունը բխում է կառավարության դեռևս 2018 թվականի փետրվարի 22-ի N7 արձանագրային որոշմամբ հաստատված Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունից։

Նախ` հարկ ենք համարում փաստել, որ առաջարկվող կարգավորումը սահմանված է Օրհուսի կոնվենցիայով, ավելին` այս կարգավորումը սահմանված է նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվով, մասնավորապես դրա 4-րդ հոդվածի 2-րդ մասի (h) կետով: Ի դեպ, ՀՀ-ԵՄ համաձայնագրով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել մոտարկել նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվի 4-րդ հոդվածով սահմանված կիրառելի բացառությունների սահմանումը:

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։

Քանի որ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասն արդեն իսկ ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետևապես` անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով սահմանված մերժման հիմքը։

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի ը) կետով ամրագրված է, որ շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել,

ը) եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։

(Օրհուսի կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի կետի բառացի թարգմանություն)
Նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից և կքննարկվի Ազգային Ժողովում։ Եթե կան առաջարկներ, որոնք հնարավորություն կտան լուծել այս խնդիրը, համահունչ են ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին՝ պատրաստակամ ենք ներառել դրանք նախագծում։

Ի դեպ, այս կարգավորումներն է՛լ ավելի արդիական են դառնում նախարարությունում մոնիթորինգի համակարգի հզորացման տեսանկյունից, որի արդյունքում նախարարությունում տեղեկությունները (այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհի հազվագյուտ տեսակներին վերաբերող) լինելու են առավել ամբողջական, ավելի լավ մշակված և համակարգված։

Գործող օրենսդրությամբ, եթե օրինակ՝ որևէ անձ պահանջի տեղեկատվություն կովկասյան ընձառյուծի բնադրավայրի վերաբերյալ՝ մենք պարտավոր ենք հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը տրամադրել»։

  • Կիսվել: