շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Շիրակի մարզում էլեկտրաենթակայանում հայտնաբերվել է 46–ամյա տղամարդու դի

Շիրակի մարզում էլեկտրաենթակայանում հայտնաբերվել է 46–ամյա տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մինո Մխիթարյանի և բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ոստիկաններն ու փրկարարները նշված ենթակայանում հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Արմեն Հ.-ի դին:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում՝ որպես էլեկտրամեխանիկ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ն մահացել է հոսանքահարվելու հետևանքով:

Փաստի առթիվ քննիչ Ն. Գարեգինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Շիրակի մարզի պատասխանատուները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: