չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Շիրակի մարզի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում խախտումներ են հայտնաբերվել

Շիրակի մարզի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում խախտումներ են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Շիրակի մարզի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում։ Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության մի շարք խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է Կրթության տեսչական մարմինը:
 
«Հայտնաբերված խախտումներից են․
 
Հաստատությունում մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմված անձնական գործում լրացված չի եղել էլեկտրոնային եղանակով դիմումի ձևը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի № 254-Ն հրամանի հավելվածի 46-րդ կետի համաձայն՝ «Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որտեղ ընդգրկվում են էլեկտրոնային եղանակով լրացված դիմումը․․․»:
 
Հաստատության և բուհերի միջև սահմանված կարգով չեն կնքվել համագործակցության համաձայնագրեր: Մինչդեռ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի №752-ն որոշման հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ «Հավակնորդի կրթության շարունակման գործընթացն ապահովելու համար բուհի (բուհերի) և ՄՄՈՒՀ-ի միջև կնքվում է համագործակցության համաձայնագիր․․․ (բացառությամբ բուհի և տվյալ հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող համապատասխան ստորաբաժանման)․․․»։
 
Հավակնորդները բուհ տեղափոխվելու մասին Հաստատության ղեկավարին սահմանված կարգով դիմումներ չեն ներկայացրել, խախտվել են նաև ժամկետները: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի № 752-ն որոշման հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ «Հավակնորդը բուհ տեղափոխվելու մասին դիմումը ՄՄՈՒՀ-ի ղեկավարին է ներկայացնում պետական ամփոփիչ ստուգման քննաշրջանից առնվազն 10 օր առաջ` նշելով նախընտրած բուհը և նախընտրելի մինչև 2 մասնագիտություն՝ առաջին հայտի գերակայության սկզբունքով»։
 
Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։
 
Իրազեկում. կարգադրագիրը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում և առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: