Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը
Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից, Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում:
Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հա, ըստ գյուղացիների, գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասներն էլ չի հաշվարկել։ Ավելին. գյուղացիները պնդում են, որ անցած տարի տեղացած 3 խոշոր կարկտահարություններից հետո միայն մեկի դեպքում է հանձնաժողով եկել գյուղ:
Բողոքող կառնուտցիներին խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալը՝ Լիպարիտ Տիգրանյանն է գյուղացիներին բացատրել, թե ինչպես են հաշվարկել կրած վնասները։ Վերջինիս խոսքով` այն ցանքատարածքներում, որտեղ 50 տոկոսից ցածր է վնաս է եղել, չի հաշվարկվել ու ըստ այդմ` փոխհատուցում չի տրվում:
Հիմա գյուղացիները պահանջում են լրացուցիչ ցուցակ կազմել ու իրենց կրած վնասները փոխհատուցել, ավելի ուշ բողոքող գյուղացիների հետ հանդիպման է եկել նաև Շիրակի մարզետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը։